Ծանոթացեք՝ երրորդ փուլի մոդեռնացող Ղազախստանը
2017-ի ապրիլի 12-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակել է «Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը» հոդվածը՝ շարադրելով ղազախ հասարակության մոդեռնացման իր տեսլականը: Ավելի վաղ նա հայտարարել էր Ղազախստանի երրորդ մոդոռնացումը, որ նախատեսում է տնտեսական աճի նոր մոդելի ստեղծում՝ հանուն պետության գլոբալ մրցունակության ապահովման: Խնդիրը Ղազախստանը աշխարհի 30 առավել զարգացած պետություններից մեկը դարձնելն է 2050-ին: Հունվարին Նուրսուլթան Նազարբաևը առաջադրել էր խորհրդարանի իրավասությունները մեծացնող սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ հայտարարելով, որ փոփոխություններն ուղղված են Ղազախստանի ժողովրդավարական զարգացմանը՝ կառավարությունը հաշվետու է լինելու խորհրդարանին: Առաջիկա տարիների օրակարգում Ղազախստանի նախագահը տեսնում է մինչև 2025-ը ղազախերենը լատինատառ գրությանն անցնելու, աշխարհի լավագույն 100 հումանիտար դասագրքերը թարգմանելու, ազգային սրբավայրերը պահպանելու և ժամանակակից ղազախական մշակույթը գլոբալ մասշտաբով մասսայականացնելու մեջ: Ղազախստանի նախագահի առաջադրած ծավալուն ծրագրի առաջին հատկանիշը պարզությունն է՝ ոչ մի անհնար կամ ավելորդ քայլ նա չի նշում, երկրորդը՝ իր երկրի պատմության ու ներկայի իմացությունն ու ըմբռնումը համաշխարհային տրենդների կտրվածքով, երրորդը՝ մտածողության բացարձակ ազատությունը՝ առանց քաղաքական կաշկանդումների: Ձեզ եմ ներկայացնում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընդարձակ հոդվածը մասնակի կրճատումներով, ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նուրսուլթան Նազարբաև. Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը
Ղազախստանը պատմական նոր փուլ է մտել: Այս տարի իմ ուղերձում ես հայտարարեցի Ղազախստանի երրորդ մոդեռնացումը սկսելու մասին: Մենք սկիզբ տվեցինք նորացման երկու կարևոր գործընթացների՝ քաղաքական բարենորոգումի և տնտեսության մոդեռնացման: Նպատակը հայտնի է՝ մտնել աշխարհի զարգացած պետությունների երեսունյակի մեջ: Մոդեռնացման երկու գործընթացներն ունեն հստակ նպատակներ ու խնդիրներ, գերակայություններ և դրանց ձեռքբերման մեթոդներ: Ես համոզված եմ՝ մեր սկսած մասշտաբային բարեփոխումները պետք է ուղեկցվեն հասարակական գիտակցության առաջընթացիկ մոդեռնացումով, որ ոչ միայն կլրացնի քաղաքական ու տնտեսական մոդեռնացումը, այլև կդառնա դրանց միջուկը:
I. Ազգային ինքնագիտակցության մասին XXI դարում
Մեր աչքի առաջ աշխարհը սկսում է նոր, հիմնականում անհայտ, պատմական ցիկլ: Տեղ զբաղեցնել առաջատար խմբում, պահպանելով գիտակցության և մտածողության նախկին մոդելը, անհնար է: Այդ պատճառով կարևոր է կենտրոնանալ, փոխել քեզ և փոխվող պայմաններին հարմարվելով վերցնել լավագույնը, որ ունի նոր դարաշրջանը: Նոր տեսակի մոդեռնացման առաջին պայմանը սեփական մշակույթի, սեփական ազգային կոդի պահպանությունն է, առանց որի մոդեռնացումը դատարկ հնչյուն է դառնում: Բայց դա չի նշանակում ազգային ինքնագիտակցության մեջ ամեն ինչի պահպանում՝ և նրա, որ մեզ վստահություն կտա ապագայում, և նրա, որ մեզ տանում է հետ՝ անցյալ: Առանց ազգային-մշակութային արմատներին հենվելու մոդեռնացումը օդում կկախվի: Ես ուզում եմ, որ նա ամուր կանգնի գետնի վրա: Իսկ դա նշանակում է, որ պատմությունը և ազգային ավանդույթները պետք է անպայման հաշվի առնվեն: Դա անցյալի, ներկայի ու ապագայի հորիզոնները միացնող պլատֆորմ է: Համոզված եմ՝ հոգևոր մոդեռնացման կարևորագույն առաքելությունը ազգային ինքնագիտակցության տարբեր բևեռների հաշտեցման մեջ է: Ես կառանձնացնեի գիտակցության մոդեռնացման մի քանի ուղղություներ ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ յուրաքանչյուր ղազախստանցու համար:
1. Մրցունակություն
Այսօր ոչ միան առանձին մարդը, այլև ազգը հաջողության շանս ունի միայն իր մրցունակությունը զարգացնելով: Դա նախևառաջ նշանակում է ազգի՝ գնով ու որակով ինչ-որ շահեկան առաջարկ անելու ունակություն տարածաշրջանային ու գլոբալ շուկաներում: Եվ դա ոչ միայն նյութական ապրանք է, այլև գիտելիքներ, ծառայություններ, ինտելեկտուալ արտադրանք, վերջապես, աշխատանքային ռեսուրսի որակ: Վաղվա օրվա առանձնահատկությունն է, որ հենց մարդու մրցունակությունը, այլ ոչ թե հանքային ռեսուրսների առկայությունն է դառնում ազգի հաջողության գործոն: Այդ պատճառով՝ ցանկացած ղազախստանցի, ինչպես ամբողջ ազգը, պետք է տիրապետի XXI դարին արժանի որակների շարքի: Այդ անկասկած նախադրյալներից են համակարգչային գրագիտությունը, օտար լեզուների իմացությունը, մշակութային բացությունը:
2. Պրագմատիզմ
Պրագմատիզմը նշանակում է մեր ազգային ու անձնական ռեսուրսների ճշգրիտ իմացություն, նրանց խնայողաբար օգտագործում, ապագան ծրագրելու ունակություն: Պրագմատիզմը վատնողականության, պարծենկոտության, ցուցամոլության հակառակն է: Ժամանակակից հասարակության մշակույթը չափավորության, բարեկեցության մշակույթն է, այլ ոչ ճոխության, ռացիոնալության մշակույթը: Ռացիոնալ ապրելու ունակությունը՝ շեշտադրելով իրական նպատակների ձեռքբերումը՝ շեշտադրելով կրթությունը, առողջ կենսակերպը, մասնագիտական հաջողությունները հենց վարքագծի պրագմատիզմն է: Եվ միակ հաջողված մոդելը ժամանակակից աշխարհում: Արմատական գաղափարախոսությունների դարն անցել է: Պետք են հստակ, հասկանալի, ապագային ուղղված կարգավորումներ: Այդպիսին կարող է դառնալ կոնկրետ նպատակների ձեռքերման կողմնորոշումը՝ հաշվի առնելով սեփական հնարավորություններն ու սահմանները, ինչպես մարդու, այնպես էլ ազգի: Ռեալիզմ և պրագմատիզմ՝ ահա առաջիկա տասնամյակների կարգախոսը:
3. Ազգային նույնականության պահպանություն
Հոգևոր մոդեռնացման բուն հասկացութունը ենթադրում է փոփոխություններ ազգային գիտակցության մեջ: Երկու պահ կա:
Առաջին՝ փոփոխություն ազգային գիտակցության շրջանակներում:
Երկորդ՝ ազգային ՛՛Ես՛՛-ի ներքին միջուկի պահպանություն՝ որոշ գծերի փոփոխությամբ: Ո՞րն է վտանգը մոդեռնացման այսօր իշխող մոդելների: Մոդեռնացումը դիտարվում է իբրև զարգացման ազգային մոդելից անցում միասնականի ու համակողմանիի: Բայց կյանքն անփոփոխ ապացուցում է, որ դա սխալ է: Մեր ազգային ավանդույթները և սովորույթները, լեզուն ու երաժշտությունը, գրականությունը և հարսանեկան ծեսերը՝ մի խոսքով ազգային ոգին ընդմիշտ մեզ հետ պիտի մնան: Մոդեռնացումը պահանջում է, որ արխայիկ և գլոբալ աշխարհում տեղը չգտնող սովորույթների ու հակումների շարքը պետք է անցյալում թողնել: Մենք կառուցում ենք մերիտոկրատիկ հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը պետք է գնահատվի իր անձնական ներդրումով ու անձնական մասնագիտական որակներով: Այդպիսի համակարգը չի հանդուրժում խնամիականություն: Դա կարիերայի զարգացման ձև է հետամնաց հասարակություններում: Խնդիրն այն չէ, որ զբաղվես կուտակված փորձի մեջ դրականի ու բացասականի թվարկումով: Խնդիրը երկու անխախտ կանոնները հասկանալն է.
Առաջին. Ոչ մի մոդեռնացում չի կարող լինել առանց ազգային մշակույթի պահպանության:
Երկրորդ. Առաջ շարժվելու համար պետք է հրաժարվել անցյալի այն տարրերից, որոնք թույլ չեն տալիս ազգին զարգանալ:
4. Գիտելիքի պաշտամունքը
Կրթության ձգտումը միշտ է բնորոշ եղել մեր ժողովրդին: Անկախության տարիներին մեծ գործեր են արվել: Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցնում է նրան, որ առաջիկա տասնամյակներում գոյություն ունեցող մասնագիտությունների կեսը կանհետանա: Տնտեսության մասնագիտական դեմքի փոփոխության այդպիսի արագություն չի եղել ոչ մի դարաշրջանում: Մենք ոտք ենք դրել այդ դարաշրջանը: Այդպիսի պայմաններում հաջող ապրել կարող է միայն լավագույնս կրթված մարդը, որ կարող է համեմատաբար հեշտ փոխել մասնագիտությւնը՝ շնորհիվ կրթության բարձր մակարդակի: Այդ պատճառով Ղազախստանն այսօր աշխարհի առաջատար երկրների շարքում է կրթությանը հատկացվող բյուջետային ծախսերով: Յուրաքանչյուր ղազախստանցի պետք է հասկանա, որ կրթությունը ապագայում հաջողության ամենահիմնարար գործոնն է: Եթե արժեհամակարգում կրթվածությունը լինի գլխավոր արժեքը, ազգին հաջողություն է սպասում:
5. Ղազախստանի էվոլյուցիոն, այլ ոչ հեղափոխական զարգացում
Այս տարի լրանում է 100 տարին այն արմատական փոփոխությունների, որ Եվրասիայի վիթխարի տարածքում տեղի ունեցան 1917-ի հոկտեմբերին: Ամբողջ ХХ դարն անցավ հեղափոխական ցնցումների դրոշի տակ: Յուրաքանչյուր ժողովուրդ պատմությունից իր դասերն է քաղում: Դա նրա իրավունքն է և չի կարելի ուրիշներին քո տեսակետը պարտադրել: Բայց նաև ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել պատմության իր սուբյեկտիվ ընկալումը:
ХХ դարի դասերը մեր ժողովրդի համար մեծամասամբ ողբերգական էին:
Առաջին. Կոտրվեց ազգային զարգացման բնական ճանապարհը և պարտադրվեցին հասարակական կառուցվածքի օտար ձևեր:
Երկրորդ. Ազգին հասցվեց սարսափելի ժողովրդագրական հարված, որ ամբողջ հարյուրամյակում զգացվեց:
Երրորդ. Հազիվ պահպանվեց ղազախերենը և ղազախ մշակույթը:
Չորրորդ. Ղազախստանի տարածքը շատ շրջաններում վերածվեց բնապահպանական աղետի գոտու:
6. Գիտակցության բացություն
Շատ խնդիրներ ծագում են, որովհետև մեծ, գլոբալ աշխարհը սրընթաց փոխվում է, իսկ զանգվածային գիտակցությունը մնում է «տնային շրջանակներում»: Թվում է՝ ի՞նչ ապացուցես անգլերենի զանգվածային ու արագ ուսուցման անհրաժեշտությունը, երբ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ մայրենիին զուգահեռ սովորում է իբրև մասնագիտական հաղորդակցության լեզու: Մի՞թե ԵՄ 400 միլիոնից ավելի քաղաքացիները չեն հարգում իրենց մայրենի գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը կամ իտալերենը կամ այլ լեզուները: Մի՞թե հարյուր միլիոնավոր չինացիները, ինդոնեզիացիները կամ մալայացիները հենց այնպես են անգլերեն սովորում: Դա ինչ-որ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա գլոբալ աշխարհում աշխատանքի պայման է: Գիտակցության բաց լինելը նշանակում է գիտակցության նվազագույնը երեք յուրահատկություն: Առաջին՝ ընկալումը՝ ինչ է կատարվում մեծ աշխարհում, ինչ է կատարվում քո երկրի շուրջը, ինչ է կատարվում մոլորակի քո հատվածում: Երկրորդ՝ գիտակցության բաց լինելը փոփոխությունների պատրաստվածությունն է, որ բերում է նոր տեխնոլոգիական ընթացքը: Առաջիկա 10 տարիներին դա փոխելու է մեր կյանքի վիթխարի շերտեր՝ աշխատանք, կենցաղ, հանգիստ, բնակարան, մարդկային հաղորդակցության միջոցներ: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Երրորդ՝ ուրիշի փորձը փոխառելու, ուրիշներից սովորելու ունակություն: Ասիական երկու մեծ տերությունները՝ Ճապոնիան ու Չինաստանը այդ ունակությունների դասական մարմնավորումն են: Բացությունը և լավագուն նվաճումների ընկալունակությունը, այլ ոչ թե իսկզբանե մերժումը ամեն մի «ոչ մերի»՝ ահա հաջողության գրավականը և բաց հասարակության ցուցիչներից մեկը: Ինչու՞ է բաց գիտակցությունն այդքան կարևոր ապագա աշխարհում: Եթե ղազախստանցիները աշխարհի մասին դատեն իրենց տների պատուհաններից, կարող են չտեսնել՝ ինչ փոթորիկներ են շարժվում աշխարհում, մայրցամաքում կամ հարևան երկրներում: Կարելի է ծառերի հետևում անտառը չտեսնել, կարելի է նույնիսկ չհասկանալ արտաքին զսպանակները, որ ստիպում են մեզ երբեմն լրջորեն փոխել տեսակետները:
II Առաջիկա տարիների օրակարգը
Առաջին՝ պետք է սկսել ղազախերենը փուլ առ փուլ լատինատառ դարձնելու աշխատանքը: Մենք շատ հոգատար ու տակտով ենք այդ հարցին վերաբերվում: Պետք է կայուն փուլայնություն:
Երկրորդ՝ «Նոր հումանիտար գիտելիք: 100 նոր դասագիրք ղազախերենով» ծրագիրը հասարակական ու հումանիտար առարկաներից: Էությունը հետևյալն է.
1. Մենք պետք է պայմաններ ստեղծենք պատմության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, հոգեբանության, մշակութաբանության, բանասիրության ուսանողների լիարժեք կրթության համար: Մեր հումանիտար մտավորականներին պետության աջակցությունն է պետք երկրի բուհերում հումանիտար ամբիոնների բացման ճանապարհով: Մեզ պետք են ոչ միայն ինժեներներ ու բժիշկներ, այլև մարդիկ, որ լավ հասկանում են արդիականությունն ու ապագան:
2. Մեզ պետք է առաջիկա տարիներին թարգմանել տարբեր լեզուներից աշխարհի 100 լավագույն դասագրքերը՝ հումանիտար գիտելիք բոլոր ուղղություններով ղազախերեն և մեր երիտասարդներին հնարավորություն տալ սովորել լավագույն միջազգային օրինակներով: Արդեն 2018/2019 ուսումնական տարում մենք պետք է մեր ուսանողներին այդ դասագրքերով ուսուցանենք:
3. Այդ նպատակով արդեն գոյություն ունեցող թարգմանական կառույցներին զուգահեռ պետք է ստեղծել ոչպետական Թարգմանությունների ազգային գրասենյակ, որը կառավարության պատվերով այդ աշխատանքը կսկսի արդեն 2017-ի ամռանը:
Ի՞նչի մենք կհասնենք այդ ծրագրով
Դա նախևառաջ մեր հարյուր հազարավոր ուսանողների պատրաստվածության որակապես այլ մակարդակ է: Հետո՝ դա կադրերի նախապատրաստում է գիտելիքի ասպարեզում գլոբալ մրցակցությանը: Վերջապես՝ այս մարդիկ են դառնալու գլխավոր ներդրողը գիտակցության մոդեռնացման՝ բացության ու պրագմատիզմի, մրցունակության սկզբունքների: Ապագան ստեղծվոմ է ուսումնական լսարաններում: Մեր սոցիալական ու հումանիտար գիտելիքը երկար տարիներ փակված էր մեկ ուսմունքի և աշխարհընկալման մեկ տեսակետի շրջանակներում: Ղազախերենով աշխարհի լավագույն 100 դասագրքերի հրատարակումը արդյունքներ կտա արդեն 5–6 տարի հետո: Պետք է վերցնել ամենաժամանակակիցը և թարգմանել ղազախերեն: Դա պետության խնդիրն է: Կառավարությունը պետք է մշակի այդ հարցը և լուծի՝ հաշվի առնելով թարգանիչների, հեղինակային իրավունքների, ուսումնամեթոդական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի ապահովման խնդիրները:
Երրորդ՝ հայրենասիրությունը սկսվում է սեփական հողի, աուլի, քաղաքի, շրջանի՝ փոքր հայրենիքի նկատմամբ սիրուց: Ինչու՞ փոքր հայրենիք: Մարդը ոչ միայն ռացիոնալ, այլև հուզական արարարծ է: Փոքր հայրենիքը այն վայրն է, որտեղ դու ծնվել ու մեծացել ես, երբեմն էլ ողջ կյանքդ ես ապրել: Այնտեղ սարերն են, գետերը, պատմությունները նրանց ծագման մասին, ժողովրդի հիշողության մեջ մնացած մարդկանց անունները: Թվարկումը կարելի է շարունակել: Դա շատ կարևոր է: Հատուկ վերաբերմունքը հարազատ հողին, մշակույթին, սովորույթներին ու ավանդույթներին՝ հայրենասիրության կարևորագույն որակն է, այն մշակութային-գենետիկ կոդի հիմքը, որը յուրաքանչյուր ժողովրդի դարձնում է ժողովուրդ, այլ ոչ թե անհատների ժողով:
Տպագրության պատրաստեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ